երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԲՀԿ-ական պատգամավորները փոփոխություններ են առաջարկել «Պետական սահմանի մասին» օրենքում

ԲՀԿ-ական պատգամավորները փոփոխություններ են առաջարկել «Պետական սահմանի մասին» օրենքում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն ու Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով՝ պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը պետք է իրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Օրինագծի դրույթներից մեկով՝ պետական սահմանում ՀՀ շահերին սպառնալիք ծագելու դեպքում՝ սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

Նախաձեռնության ընդունման արդյունքում կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ծախսեր: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաշվարկներով առաջին տարվա համար նախատեսվում է ծախսել մոտավորապես 98 մլն դրամ, որից 84 մլն-ը կկազմի աշխատակիցների վարձատրությունը: Գործառույթների համար կներգրավվի 28 նոր աշխատակից: 2.8 մլն դրամ կհատկացվի 4 նոր անցակետերի կառուցմանը,  4 մլն 800 հազար դրամ՝ տրանսպորտային ծախսերին,  4 մլն 348 հազար դրամ՝ տեխնիկական հագեցվածությանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

  • Կիսվել: