երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի սահմանազատված հատվածների պահպանությունը. Փաշինյան

Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի սահմանազատված հատվածների պահպանությունը. Փաշինյան

Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի՝ 4․9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Այս մասին այսօր իր տեսաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչև 2024 թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։ Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերին՝ ինչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի հետ, ինչու է կատարվում, և որոնք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները։

Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին, դա իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերը ամեն առիթով բոլորին ցույց եմ տալիս։

Ինչու պիտի այս քարտեզը կրքեր բորբոքի․ պարզ պատճառով՝ ոչ միայն նախորդ 33 տարում, դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետը այս Հայաստանը չի եղել, ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ, դրանցից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դծբախտությունն է, որ ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է, բայց պետություն երազելիս մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից՝ Երվանդունիների, Արտաշեսյան, Արաշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստան։ Այդ Հայաստաններն՝ իրենց տարածքով, երբեմն՝ աշխարհագրական դիրքով նույնական ու համադրելի չեն եղել, ինչը ՀՀ մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առաջխաղացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել։

Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք՝ որ տարածքում, ինչ դիրքում, ինչ չափի տուն եք ուզում կառուցել, մինչև այս հարցում ձեր պատկերացումները չկոնկրետանան, չեք կարող կառուցել այդ տունը, և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը չեն կոնկրետանա, առավելագույնը, որ կունենաք, քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով և ինչ չափի»:

  • Կիսվել: