Նրանք ստացան օգնությունը Հայաստանից, հետո փակեցին սահմանը. դա ի՞նչ հարևան է, ահավոր է. Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը՝ Թուրքիայի մասին
ԱՄՆ-ն պետք է Հարավային Կովկասի բոլոր դերակատարներին մղի երկխոսության, որպեսզի նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ, խոսեն, կարգավորեն իրենց հարցերը, բացեն սահմանները, բոլոր կոմունիկացիաները: Այս մասին այսօր ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրի՞ն են» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը։
Նա, մասնավորապես, նշեց. «Օրինակ՝ Թուրքիան։ 2023-ի երկրաշարժի ժամանակ Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա, որը սահմանը ժամանակավորապես բացեց, որպեսզի ստանա հայ ժողովրդի, Սփյուռքի, կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը։
Իսկ ի՞նչ արեց դրանից հետո Անկարան։ Նրանք փակեցին սահմանը։ Նրանք ստացան օգնությունը, այն եկավ մի ուղղությամբ՝ Հայաստանից Թուրքիա, իսկ հետո նրանք փակեցին սահմանը։ Դուք ծաղրու՞մ եք։ Դա ի՞նչ հարևան է, դա ի՞նչ մոտեցում է։ Ահավոր է»։
Տարածաշրջանային մակարդակում փաթեթային գործարքները, Հեֆերնի խոսքով, միմյանց նկատմամբ վստահությանն ուղղված միջոցների այն ուղին են, որով պետք է անցնել քայլ առ քայլ, որպեսզի բոլոր երկրները սկսեն խոսել միմյանց հետ, կարողանան գտնել ուղիներ՝ հասնելու բոլորի համար շահավետ լուծումների՝ սահմանների բացում, միմյանց հետ առևտուր, ներդրումներ և աջակցություն միմյանց՝ այս բարդ տարածաշրջանում...



