ԱՀԿ ղեկավարն ահազանգել է Կոնգոյում էբոլայի բռնկման գոտում ընթացող ինտենսիվ մարտերի հետևանքների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգում ինտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները։ Բժշկական անձնակազմն ու մարդասիրական կազմակերպությունների գործընկերները ստիպված են եղել ավելի քան 24 ժամ պատսպարվել ծննդատան ներսում։
Թեդրոս Գեբրեյեսուսը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ բախումները տեղի են ունեցել այն տարածքի մերձակայքում, որտեղ բռնկվել է Էբոլայի համաճարակը։
«Ստեղծված իրավիճակը խաթարել է հիվանդանոցի աշխատանքը և Էբոլայի դեմ պայքարի ավելի լայնածավալ միջոցառումները՝ լուրջ վտանգի տակ դնելով հիվանդներին, նրանց ընտանիքների անդամներին և բուժաշխատողներին»,- հայտարարել է նա։ ԱՀԿ ղեկավարն արձանագրել է, որ հոկտեմբերի վերջից Կոնգոյի արևելքում հարձակումներն ավելացել են, ինչը խանգարում է նորմալ առողջապահական ծառայությունների մատուցմանը։
«ԱՀԿ-ն կապի մեջ է հակամարտության կողմերի հետ՝ բուժանձնակազմի անվտանգ տարհանումը կազմակերպելու նպատակով։ Մենք կոչ ենք անում անհապաղ ապահովել նրանց անվտանգ անցումը, ինչպես նաև պաշտպանել հիվանդանոցը, դրա աշխատակիցներին և հիվանդներին։
Լավագույն դեղամիջոցը խաղաղությունն է»,- հայտարարել է Թեդրոս Գեբրեյեսուսը։
Reuters-ը հայտնում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում էբոլայի բռնկումը շարունակում է մնալ անվերահսկելի։ Վարակման և մահվան դեպքերի թիվն աճում է աննախադեպ արագությամբ։
Կառավարության տվյալներով՝ մայիսի 15-ին բռնկման մասին հայտարարելուց ի վեր վարակվել է ավելի քան 11 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5500-ը։



