երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը վերահաստատել է իշխանության կողմից ընդդիմությանն արված առաջարկը։ Մանավազյանն Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ընդդիմության կողմից Ազգային ժողովում անհրաժեշտ 6 քվեն ապահովելու դեպքում նոր Սահմանադրության ընդունման հարցը կդրվի հանրաքվեի, եթե չլինի այդ սցենարը, կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ընդդիմությունն իր առջև ընտրություն ունի դրված։ Ընտրությունը հետևյալն է՝ կամ թույլ տալ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կամ կգնանք արտահերթ ընտրությունների։ Երկու առաջարկների վերաբերյալ էլ վարչապետը հստակ հայտարարել է՝ եթե ժողովուրդը դեմ կլինի նոր Սահմանադրությանը, հրաժարական կտա, եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, հաջորդ ընտրություններին չի լինի թեկնածու։ Ընդդիմությանը սա ասվել է շատ հստակ, այս մասին 2-3 օր Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնվել է։ Ընդդիմությունը երկու օր լռելուց հետո որևէ հայտարարություն չի արել, բացի այն, որ սա որակել է գործարք՝ իշխանության կողմից։ Նրանք նշել են, որ իշխանության հետ չեն մտնի «խաղի» մեջ։ Սա «խաղ» չէ, այլ քաղաքական երկխոսություն է։ Մեր արած առաջարկի վերաբերյալ ընդդիմության կողմից հստակ արձագանք չենք ստացել»,-ասել է Արուսյակ Մանավազյանը։

ՔՊ խմբակցության ղեկավարը հավելել է, որ ընդդիմությունը չունի հանրային վստահություն։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունն ունենար հանրության աջակցությունը, թույլ կտար՝ նոր Սահմանադրությունը դրվեր հանրաքվեի։ Մանավազյանը, խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, ասել է, որ ընդդիմությունն այս առումով էլ ունի լուրջ մտահոգություններ, որովհետև իշխանությունը նրանց թույլ չի տալու կիրառել ընտրակաշառքների միջոցով քվեներ ստանալու գործելակերպը։

 

  • Կիսվել: