ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Կրեմլը Փաշինյանին թույլ չի տա հեշտությամբ խուսափել հետևանքներից․ Քոֆին

Կրեմլը Փաշինյանին թույլ չի տա հեշտությամբ խուսափել հետևանքներից․ Քոֆին

Հարավային Կովկասում կայունության և նույնիսկ բարեկեցության նոր դարաշրջան սկսելու բացառիկ հնարավորություն կա հիմա, թեև Ռուսաստանին դա դուր չի գա: Այս մասին այսօր ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրի՞ն են» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆինը՝ խոսելով այն մասին, թե ինչ նպատակներ ունի Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարցում։

Նա, մասնավորապես, նշեց. «Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտի։ Այն օգտագործում է սառեցված հակամարտությունները՝ լինի դա Աբխազիան՝ Վրաստանում, կամ Ղարաբաղը և դրա հարակից յոթ շրջանները, որպեսզի առավելագույնի հասցնի իր ազդեցությունը տարածաշրջանում»։

Քոֆինի խոսքով՝ այդպիսի մի օրինակ է հենց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Այժմ, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գործել որպես իսկական հարևաններ, համագործակցել, կարգավորել հարաբերությունները, խաղաղության հասնել ու բարգավաճել, սակայն այս ամենը, նրա խոսքով, սպառնալիք է տարածաշրջանում Ռուսաստանի ազդցությանը։

«Թեև Փաշինյանը՝ որպես հայ առաջնորդ և քաղաքական գործիչ, շատ խիզախ է գործել, երբ ամեն ինչ մի փոքր հանդարտվի, Կրեմլը նրան թույլ չի տա այդպես հեշտությամբ խուսափել հետևանքներից։ Եվ ես մտավախություն ունեմ, որ Հայաստանը ստիպված է լինելու շատ դժվար ճանապարհ անցնել»,-նշեց Քոֆինը և հավելեց, որ ԱՄՆ-ն պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի խրախուսի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը:

Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ևս 2000-3000 զորք ուղարկի Հայաստան, որպեսզի իր կամքը թելադրի Հայաստանին, Լյուք Քոֆինն ասաց, որ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը դեռ Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դեռ մի քանի հազար զինվոր ունի Հայաստանում, վերահսկում է Հայաստանի սահմանների մի մասը, Հայաստանի օդային տարածքն իր հերթին ինտեգրված է ՌԴ-ի օդային տարածքում՝ մշտադիտարկման, անվտանգության առումներով։

՛՛Կարծում եմ, որ Հայաստանի, մասնավորապես Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանից եկող սպառնալիքներից շատերը կլինեն հիբրիդային բնույթի՛՛,-իր խոսքը եզրափակեց Քոֆինը:

  • Կիսվել: