ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այն պահից, երբ օլիգարխիան սկսեց թիրախավորել հեղափոխությունը, հասարակությունը կրկին համախմբվելու է․ Արման Բաբաջանյան

Այն պահից, երբ օլիգարխիան սկսեց թիրախավորել հեղափոխությունը, հասարակությունը կրկին համախմբվելու է․ Արման Բաբաջանյան

Վստահ եմ, որ ներքաղաքական լարվածություն, քաղաքական անկայունություն հարուցելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ դրա հեղինակները ունեն գրեթե ամեն ինչ, բացի հաջողության հասնելու գլխավոր գործոնից՝ ժողովրդի աջակցությունից։ Քաղաքականության մեջ փողը, լրատվական միջոցների վրա ունեցած ազդեցությունը, իհարկե, կարևոր են, բայց միևնույնն է՝ վճռորոշը հասարակության աջակցությունն է, որից այսօր ներքաղաքական լարվածություն հարուցող ուժերը զրկվել անդառնալիորեն։ Այս մասին գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

"Հայաստանի հասարակությունը երկու տարի առաջ միակամորեն մերժել է նախկին ռեժիմին ու նրանց հետ կապված ամենայնին։

Հասարակությունը օբյեկտիվորեն կարող է հիասթափված լինել գործող իշխանությունից, սակայն նույն այդ քաղաքացիները, այն պայմաններում երբ բարիկադի մյուս կողմում օլիգարխիան է և նախկինները, վստահաբար համախբվելու է հեղափոխական օրակարգի և այդ օրակարգը ամեն գնով պաշտպանող քաղաքական ուժերի շուրջ։

Մեր քաղաքացիները գիտակցում են, որ հեղափոխությունը մեր երկրին տրված բացառիկ, պատմական հնարավորություն է՝ կերտելու մեր երազած հայրենիքը։

Վստահ եմ՝ մարդիկ հասկանում են նաև, որ այս հնարավորությունը չօգտագործելու դեպքում երկրորդ նման շանս մենք կարող ենք չունենալ։ Այնպես որ, այն պահից, երբ օլիգարխիան սկսեց թիրախավորել հեղափոխությունը, հասարակությունը կրկին համախմբվելու է՝ պաշտպանելու ոչ թե հեղափոխական իշխանությանը, այլ հեղափոխությունն ու դրանով մեզ տրված հնարավորությունը",- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: