չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան

Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան

Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ոչ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է, ով ինչ ուզում է ասի: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հայկական ատոմակայանը փակելու իր ցանկության մասին:

«2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետն է, և մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում, բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ին:

Անդրադառնալով քննարկումներին, թե ատոմակայանի փակվելուց հետո ՀՀ-ն էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի, ուստի, ըստ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի փորձագետներ են եկել, տեղանքի ուսումնասիրություններ են արել, հարմար տեղեր գտել Ադրբեջանից էներգիա բերելու, էլեկտրասյուներ տեղադրելու համար, լրագրողը հետաքրքրվեց՝ ինչ-որ ներքին պայմանավորվածություն կա՞, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա կամ գազ ստանա։

Արման Եղոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրելուն կամ էներգիա ներկրել-արտահանելուն, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն՝ տարբեր աղբյուրներից էներգիա և էներգակիրներ ներկրելու, արտահանելու, Հայաստանի օգուտն է, բայց դա  ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հարցի հետ»։

Հարցին՝ քննարկումներ կա՞ն Ադրբեջանից գազ կամ էլեկտրաէներգիա ձեռք բերելու, Արման Եղոյանը նախ խնդրեց՝ հանկարծ չկապել դա ատոմակայանի հարցի հետ, ապա հավելեց, որ այն, ինչ վերաբերում է գազ, նավթ ներկրելուն, էլեկտրաէներգիա արտահանելուն, դա չպետք է բացառել:

«Էներգետիկ այդ փոխանակումը, նկատի ունեմ՝ առևտուրը, վաճառքը և գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, դա չպիտի բացառված լինի երկկողմ առևտրից»,- ասաց նա։

  • Կիսվել: