երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Երևանում բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավանի վարչական ղեկավարի ավտոմեքենան, որն էլ բախվել է կայանված «Toyota Camry»-ին․ անչափահաս ուղևորը հոսպիտալացվել է

Երևանում բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավանի վարչական ղեկավարի ավտոմեքենան, որն էլ բախվել է կայանված «Toyota Camry»-ին․ անչափահաս ուղևորը հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Գայի պողոտայում, «Մեգա Մոլ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Խ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Աղասի Ղազարյանի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 49-ամյա Արամ Ս․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աղասի Ղազարյանի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Միրզոյանը և կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և անչափահաս վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աղասի Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարն է։

  • Կիսվել: