Եվրահանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Նախիջևան
Եվրահանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը այցով ժամանել է Ադրբեջան։ Սեպտեմբերի 29-ին պատվիրակությունն այցելել է Նախիջևան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատվիրակությանը ընդունել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։
Նշվում է, որ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի ու Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, որոնք հիմնված են ռազմավարական գործընկերության, բարեկամության և փոխադարձ վստահության վրա՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։
Ընդգծվել է նաև Ադրբեջանի և Եվրամիության անդամ պետությունների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության առանձնահատուկ կարևորությունը։
Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Նշվել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովումը կարող է զգալի ներդրում ունենալ տրանսպորտահաղորդակցական նոր հնարավորությունների ստեղծման, տնտեսական կապերի ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում։
Ջեյհուն Ջալիլովը նշել է, որ Նախիջևանը կարևոր ռազմավարական տարածաշրջան է, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հատման կետում։ Նա ներկայացրել է, իր բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքի» և դրա շրջանակում նախատեսված TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման տեսանկյունից։
Կողմերն ընդգծել են, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա ապահովել Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի մյուս տարածքների հետ։ Ենթադրվում է, որ այստեղով անցնող երկաթուղային գիծը կդառնա Նախիջևանը Թուրքիայի հետ կապող կարևոր տրանսպորտային հաղորդակցություն։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի այդ տրանսպորտային երթուղիների գործարկման և դրանց տարածաշրջանային նշանակության հետագա բարձրացման համար։



