Իսրայելի ընդդիմության առաջնորդը հայտարարել է ՑԱԽԱԼ-ի՝ վտանգված լինելու մասին
Իսրայելի նախկին վարչապետ, «Բեյահադ» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը Թել Ավիվի Պատանդների հրապարակում անցկացված մամուլի ասուլիսում մեղադրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն բանում, որ նրա կառավարությունը թույլ է տալիս ուլտրաուղղափառների զանգվածային խուսափումը զինվորական ծառայությունից և դրանով վտանգի տակ է դնում ՑԱԽԱԼ-ը: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
Բենեթը, մասնավորապես, ասել է. «Նեթանյահուն նախազգուշացնում է անվտանգության սպառնալիքների մասին, բայց ինքն է գլխավորում բոլորից մեծագույն սպառնալիքը՝ զորակոչից զանգվածային խուսափումն ու ՑԱԽԱԼ-ի փլուզումը»։
Նշվումէ, որ նախկին վարչապետը նկատի ուներ զինվորական ծառայությունից ուլտրաուղղափառ կրոնական դպրոցների աշակերտների ազատումը ներկայիս կառավարության օրենսդրորեն ամրագրելու փորձերը։ Հարեդիների՝ զորակոչից ազատելու մասին օրինագիծը շարունակում է մնալ Իսրայելի ներքին քաղաքականության ամենասուր հարցերից մեկը։ Ավելի վաղ Քնեսեթն ընդունել էր օրենք, որը ժամանակավորապես արգելում է ծառայությունից խուսափող ուլտրաուղղափառների ձերբակալությունն ու քրեական հետապնդումը։
Բենեթը հայտարարել է, որ կառավարության քաղաքականության հետևանքներն արդեն լուրջ խնդիրներ են ստեղծում բանակի համար։
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ ՑԱԽԱԼ-ը կանգնած է փլուզման առաջ»,- ասել է նա և միաժամանակ պահանջել անհապաղ հրաժարական բոլոր ղեկավարներից, որոնք առանցքային պաշտոններ են զբաղեցրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումին նախորդած ժամանակահատվածում։
«Յուրաքանչյուր ոք, ով եղել է այդ ձախողման մի մասը, պետք է անմիջապես հեռանա իր պաշտոնից»,- հայտարարել է Բենեթը։
Նրա ելույթը հնչել է ուլտրաուղղափառ տղամարդկանց զորակոչի ծավալների շուրջ շարունակվող վեճերի հետնապատկերին։ Վերջին օրերին իսրայելական լրատվամիջոցները հայտնում էին, որ բանակն ու ոստիկանությունը դադարեցրել են ծառայությունից խուսափող որոշ հարեդիների ակտիվ ձերբակալությունները՝ զանգվածային բողոքի ակցիաների պայմաններում։



