Ստամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. աղբյուր
Ստամբուլի օդանավակայանում մոտ 3 միլիոն եվրոյի պարտքի պատճառով կալանել են իրանական Caspian Airlines ավիաընկերության Boeing 737-: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը կալանել են այն բանից հետո, երբ ուղևորներն արդեն բարձրացել էին օդանավ՝ Իրան թռչելուց առաջ։
Իր հերթին թուրքական պետական Anadolu-ն հայտնել է, որ կատարողական միջոցները ձեռնարկվել են երկուշաբթի՝ իրավասու մարմինների որոշման հիման վրա։ Ուղևորներին և անձնակազմի անդամներին խնդրել են լքել ինքնաթիռը, որից հետո օդանավի վրա կալանք է դրվել։
Թուրք պաշտոնյան Ֆրանսպրես գործակալության հետ զրույցում հաստատել է կալանման փաստը՝ ասելով, որ գործը կապված է «առևտրային վեճի» հետ, սակայն դրա մանրամասները չի բացահայտել։
Caspian Airlines-ը իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայում վարչական հարցի պատճառով բախվել է իր Boeing-ներից մեկի նկատմամբ «ժամանակավոր շահագործման սահմանափակումների»։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ խոսքը Ստամբուլի օդանավակայանում մատուցված ծառայությունների համար մոտ 3 միլիոն եվրո պարտքի մասին է։
Ավիաընկերությունը հայտնել է, որ ձեռնարկել է անհրաժեշտ վարչական միջոցները և ակնկալում է երեքշաբթի ինքնաթիռը վերադարձնել Իրան։
Կալանումը տեղի է ունեցել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացման ֆոնին։ Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնը հայտարարեց նոր սահմանափակումների մասին՝ նախազգուշացնելով իրանական ավիափոխադրողների հետ համագործակցող ընկերություններին և կազմակերպություններին դոլարային ֆինանսական համակարգ մուտքի հնարավոր հետևանքների մասին։
Միևնույն ժամանակ Թուրքիան առայժմ չի միացել ամերիկյան սահմանափակումներին։ Թուրքիայի և Իրանի միջև շարունակում են իրականացվել կանոնավոր ավիաչվերթներ։



