հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդարադատության նախարարը կարևորել է GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Արդարադատության նախարարը կարևորել է GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ:

Նախարարությունից հայտնում են, որ ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենիի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և այլ տեղացի ու միջազգային բարձրաստիճան անձանց մասնակցությամբ միջոցառմանը Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հակակառուպցիոն ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները:

Նախարար Անդրեասյանը, որպես արդեն իսկ գրանցած շոշափելի արդյունք՝ կարևորել է Արդարադատության նախարարության աջակցության և նախաձեռնողականության արդյունքում ձևավորված Հակակոռուպցիոն դատարանները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազությունում ձևավորված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունները:

Անդրեասյանը՝ կարևորելով GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, նշել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները և հույս է հայտնել, որ մոտ ապագայում չեն լինի այնպիսիք, որոնք դեռ կատարված չեն:

ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու անխոչընդոտ իրականացման համար և այդ համատեքստում կարևորել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման ու ընդունման գործընթացը:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է նաև պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման կարևորությունը:

  • Կիսվել: