Արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման նոր հնարավորություններ արդարադատության ոլորտում
Շանհայում անցկացված «AIxADB 2026» ծրագրի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ուսումնասիրել է արհեստական բանականության (ԱԲ) և ամպային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները դատաիրավական համակարգի արդիականացման և հանրային ծառայությունների օպտիմալացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Այցի շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտի հանրային ծառայություններում ԱԲ առցանց օգնականի ներդրման հայեցակարգը, որը քաղաքացիներին կապահովի արագ, ճշգրիտ և հասանելի տեղեկատվությամբ։
Ներկայացվել է նաև պիլոտային նախագիծ՝ արհեստական բանականության կիրառմամբ քաղաքացիական կացության ակտերի վկայականները կարդալու և դրանցում պարունակվող տեղեկություններն ավտոմատ կերպով տվյալների շտեմարան փոխանցելու համար՝ նպաստելով աշխատակիցների աշխատանքին և տվյալների մշակման գործընթացի առավել արդյունավետությանը։
iFLYTEK և Tencent ընկերություններում ուսումնասիրվել են ձայնը տեքստի վերածելու և ձեռագիր տեքստերի ճանաչման ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, որոնք առանցքային են միասնական դատական համակարգի, «Ֆեմիդա» համակարգի և ՔԿԱԳ արխիվների թվայնացման համար։
Inclusion Conference on the Bund համաժողովի և Use Case Canvas աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գործակալական ԱԲ-ի (Agentic AI) կիրառման, տվյալների պաշտպանության և էթիկական չափանիշների ապահովման հարցերը։
Արդարադատության նախարարության առաջնահերթությունը մնում է պատասխանատու, անվտանգ և մարդակենտրոն տեխնոլոգիաների ներդրումը՝ ի նպաստ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։



