ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապրիլի 8-ի դրությամբ ունենք 300 մլն դրամի փաստացի տրամադրված վարկեր․ նախարար

Ապրիլի 8-ի դրությամբ ունենք 300 մլն դրամի փաստացի տրամադրված վարկեր․ նախարար

Երեկվա տվյալներով առաջին միջոցառման մասով, որը վերաբերում էր Կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդավորման որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ, բանկային համակարգի կողմից բավարարվել է 1 միլիարդ 433 միլիոն դրամ ընդհանուր արժեքով վարկային փաթեթներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Փաստացի տրամադրված են եղել  520 միլիոն դրամ վարկային միջոցներ։ Երկրորդ միջոցառումը, որը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում Կառավարության աջակցությանը, մենք  փոխեցինք այն հիմնական մոտեցումը, որ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Նաև կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերը այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին։ Երեկվա դրությամբ մենք ունենք 1,1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։ Երրորդ միջոցառումը, որը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը, երեկվա տվյալներով բավականին լավ ցուցանիշներ ունենք։ Արդեն ունենք 27 հայտատուներ, որոնք 280 միլիոն դրամ ընդհանուր արժեքով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ»,- նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշեց, որ մեծ թիվ են կազմում դեպքերը, երբ նախապես հաստատված ծրագրային նպատակներից շեղումներ կան։ Խաչատրյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում դիտարկված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր պատճառներով առայժմ չեն դիտարկվում։ Նախարարը նշեց, որ ուսումնասիրվում են նաև այդ պատճառները, որոնք փոքր փոփոխությունների արդյունքում այդ վարկային կազմակերպությունները կդարձնեն այս վարկային ֆինանսական աջակցության շահառու։

  • Կիսվել: