հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՌԴ կապի նախկին նախարարը հեռակա կարգով կալանավորվել է ֆինանսական բուրգի գործով

ՌԴ կապի նախկին նախարարը հեռակա կարգով կալանավորվել է ֆինանսական բուրգի գործով

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը սեպտեմբերի 17-ին հեռակա կարգով կալանավորել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախկին նախարար Նիկոլայ Նիկիֆորովին: Այս մասին տեղեկացնում է Կոմերսանտը:

Նշվում է, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանավորումը։ Կալանքի ժամկետը կհաշվարկվի Նիկիֆորովի Ռուսաստանում ձերբակալման կամ նրան ՌԴ արտահանձնելու պահից։

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հանցավոր համայնք կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Քննության վարկածով՝ Նիկիֆորովը Finiko ֆինանսական բուրգի ստեղծողներից մեկն է։

Դատարանում ՆԳՆ քննչական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել, ոչնչացնել ապացույցները կամ այլ կերպ խոչընդոտել քննությանը։

Պաշտպանությունը հանդես է եկել Նիկիֆորովին կալանքի տակ պահելու դեմ, սակայն դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը։

Նիկիֆորովը ղեկավարել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը 2012-2018 թվականներին։ Նախարարի պաշտոնից հեռանալուց հետո նա բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

  • Կիսվել: