շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՆԻՖ-ը ձեռք է բերել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իրականացրել մի շարք հաջող գործարքներ. Դոմինիկ Դը Վիլպեն

ԱՆԻՖ-ը ձեռք է բերել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իրականացրել մի շարք հաջող գործարքներ. Դոմինիկ Դը Վիլպեն

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենի համոզմամբ դեռ վաղ է հիմնադրամի գործունեությանը խորքային գնահատական տալու համար։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ այս 4 տարուց պակաս ժամանակահատվածում ԱՆԻՖ-ը ձեռք է բերել մի քանի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իսկապես իրականացրել է մի շարք հաջող գործարքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ Դոմինիկ Դը Վիլպենը՝ ընդգծելով, որ դա, անկասկած, նշանակում է, որ իրենք  ճիշտ ուղու վրա են։

Անդրադառնալով Հայաստանի ներդրումային հնարավորություններին, նա նշել է, որ թեեւ Հայաստանը քիչ հայտնի ուղղություն է պոտենցիալ ներդրողների համար, սակայն այն ունի բազմաթիվ մրցակցային առավելություններ, որոնցից ամենակարևորը նրա ստեղծագործ և աշխատասեր ժողովուրդն է, նրա ժողովրդավարական դիրքը, որպես երկիր՝ համաշխարհային շուկայում ինտեգրվելու պատրաստակամությունը: Այս առավելությունը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու կարողությունից է կախված մշտապես ներդրողներին ներգրավելու հաջողությունը:

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, Վիլպենն ընդգծել է. «Ինքնիշխան ներդրումային ֆոնդերը կարևոր դեր են խաղում երկրի ներդրումային և տնտեսական ուղին կանխանշելու և առաջնորդելու գործում, և ԱՆԻՖ-ը կարող է վճռորոշ լինել նշաձողեր սահմանելու և երկրի տնտեսական առաջընթացի կայուն ուղիներ ընտրելու հարցում: ԱՆԻՖ-ի ընտրած մոդելը փորձարկված, կիրառելի մոդել է։ Կարծում եմ, որ Հայաստանը ներդրողների համար ինստիտուցիոնալ ուղղորդման կարիք ունի, որը տրամադրում է ԱՆԻՖ-ը: Դա այն կարևոր դերերից մեկն է, որն ունեն ԱՆԻՖ-ի նման հաստատությունները»:

Նա դեռ վաղ է համարում ԱՆԻՖ-ի գործունեությանը խորքային գնահատական տալը. «Այնուամենայնիվ, այս 4 տարուց պակաս ժամանակահատվածում, կարծում եմ, ԱՆԻՖ-ը ձեռք է բերել մի քանի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իսկապես իրականացրել է մի շարք հաջող գործարքներ: Դա, անկասկած, նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ներդրողների վստահությունը պահպանելու համար չափազանց կարևոր է ճիշտ ռազմավարությամբ և կառավարման ներուժով ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում ունենալը: Կարծում եմ, որ ինչպես ԱՆԻՖ-ի, այնպես էլ Հայաստանի համար դեռ զգալի անելիք կա, և ես հուսով եմ, որ և՛ ԱՆԻՖ-ը, և՛ Հայաստանը կկարողանան հաղթահարել մարտահրավերները և լավագույնս օգտագործել հնարավորությունները»:

Հարցին, թե տնտեսության ո՞ր ոլորտներում եք տեսնում ԱՆԻՖ-ի ակտիվ ներկայության անհրաժեշտությունը, նա պատասխանել է. «Հայաստանը պետք է բաց լինի բոլոր տեսակի գործընկերությունների համար՝  ներդրումներ ներգրավելու իր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, իհարկե պահպանելով ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական, կառավարչական խմբ.) բարձր չափանիշները։ Ինչպես արդեն նշեցի, շատ ներդրողներ նախընտրում են ունենալ ինստիտուցիոնալ աջակցություն, երբ ներդրումներ են անում քիչ հայտնի ներդրումային ուղղությունում, ինչպիսին Հայաստանն է, և շատերը ակնկալում են տեսնել, որ պետությունը կիսում է պատասխանատվությունը ծրագրի համար։ ԱՆԻՖ-ն այս առումով կարևոր դեր ունի: Կարծում եմ նաև, որ այս կարճ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի կուտակած ինստիտուցիոնալ գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն Հայաստանին` տարբեր ոլորտներում ներդրումներին առնչվող ամենատարբեր հարցի հետ կապված»:

Նշենք, որ Դոմինիկ Դը Վիլպենը  ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ է` երկար տարիների աշխատանքային փորձով։ Նա ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը և Կառավարման ազգային դպրոցը։ Դը Վիլպենն աշխատել է  Քուայ դ'Օրսեի Աֆրիկայի և Մալագասիայի գործերի գրասենյակում` զբաղեցնելով  ղեկավար պաշտոն: Բացի այդ,  նա աշխատել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը, եղել  Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպանատան խորհրդատուն, հետո  նշանակվել  Պետքարտուղար Ալեն Ժյուպենի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև նախագահ Ժակ Շիրակը Դոմինիկ Դը Վիլպենին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար, հետո`  արտաքին գործերի նախարար։

  • Կիսվել: