երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՆԻՖ-ը ԱՄԷ-ի  հետ համատեղ իրականացնում է  ռազմավարական նշանակության երկու խոշորագույն ներդրումային ծրագիր

ԱՆԻՖ-ը ԱՄԷ-ի հետ համատեղ իրականացնում է ռազմավարական նշանակության երկու խոշորագույն ներդրումային ծրագիր

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համատեղ իրականացնում է  ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշորագույն ներդրումային ծրագիր:  Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած «Հայաստան-ԱՄԷ» բիզնես ֆորումի ժամանակ հայտնել է ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Դրանցից մեկն Աբու Դաբիի Մասդար ընկերության հետ համատեղ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն է: Արդեն  ավարտվել է  շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փուլը։ ՇՄԱԳ-ն իրականացվել է միջազգային ֆինանսական հաստատությունների կատարողականի չափանիշներին համապատասխան: Ներկայումս բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական խոշոր հաստատությունների հետ` կայանի շինարարական փուլը ֆինանսավորելու համար: Առաջիկայում այդ բանակցությունները կավարտվեն,  և կայանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա 4-րդ եռամսյակում:

Տեղեկացվել է նաև, որ Մասդար ընկերության հետ ներկայումս քննարկվում է երկրորդ` «Այգ-2», արևային կայանի կառուցման նախագիծը, որի հզորությունը կազմելու  է  201 ՄՎտ:

Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա  հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում  6 ուղղություններով: Առաջիկայում նախատեսվում են նոր չվերթներ ևս: Վերջերս ընկերությունը դիմել և հաջողությամբ ավարտել է գործառնական անվտանգության  IOSA աուդիտը՝ դառնալով  Հայաստանում IOSA անվտանգության վկայական ունեցող միակ ընկերությունը։ Սա բոլորովին նոր ձեռքբերում է հայկական ավիացիայի ոլորտում:

«Ես հպարտ եմ, որ ԱՆԻՖ-ը համագործակցում է իրենց ոլորտներում  աշխարհում հայտնի առաջատար ընկերությունների հետ: Այս երկու նախագծերն էլ Հայաստանի համար կարևոր են ոչ միայն ներդրումային տեսանկյունից, այլև Հայաստանում նախադեպը չունեցող չափորոշիչներ են սահմանում:  ԱՄԷ-ի գործընկերների հետ մենք արդեն սահմանել ենք նոր չափանիշներ. լինի դա «Այգ-1» նախագծի համաշխարհային կարգի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, թե Ֆլայ Արնայի IOSA անվտանգության վկայականը` այս նախագծերը բարձրացնում են նշաձողը ոչ միայն կոնկրետ ոլորտում, այլև ինքնին բիզնես միջավայրում»,-նշել է Դավիթ Փափազյանը:

Հիշեցնենք որ, ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019թ.-ին, այն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ բիզնես եւ ներդրումային նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։

  • Կիսվել: