շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրին և կրկին հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրին և կրկին հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը Կասպյան քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՄՆ-Կասպյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարի ժամանակ ասել է, որ  Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ իր երկիրը ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն, որը հիմնված կլինի փոխշահավետ հարաբերությունների վրա։

Ըստ Ալիևի օգնականի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան:

՛՛Այս պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։ Տարածաշրջանը ռեբրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի: Ադրբեջանը պատրաստ է իր դերը կատարել Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում: Այս համատեքստում մենք ԱՄՆ-ին տեսնում ենք որպես կարևոր գործընկեր՛՛,-ասել է նա:

Հաջիևը խոսել է նաև նոր տրանսպորտային միջանցքների մասին, որոնք կբացվեն տարածաշրջանում, մասնավորապես, նա անդրադարձել է այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքին՛՛՝ նշելով. ՛՛Զանգեզուրի միջանցքից կարող են օգտվել նաև Կենտրոնական Ասիայի մեր գործընկերները։ Բայց Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք մենք ստեղծել ենք տարածաշրջանում հարևան Վրաստանի հետ՛՛:

  • Կիսվել: