չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, երկխոսություն, բանակցություն. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, երկխոսություն, բանակցություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություն չի տեսնում, որ մի կողմից Արցախն ակնկալում է, որ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի միջազգային հարթակներում, մյուս կողմից՝ Հայաստանն էլ կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ առանձին բանակցի:

«Եթե կա հակասություն, դա առաջացել է շատ մեծ մի սխալի արդյունքում, որ 1998 թվականին Արցախը դուրս է թողնվել բանակցային պրոցեսից»,- Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղետալի սխալ է տեղի ունեցել, որի աղետալի հետեւանքները մինչ օրս էլ կրում ենք: 2018 թվականից իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը պետք է լինի հիմնական խոսացողը ԼՂ խնդրի կարգավորման եւ ԼՂ հայության պաշտպանության վերաբերյալ: Ես շարունակում եմ մտածել այդպես, որ այո, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ճիշտ դիրքորոշում է: Կարծում եմ՝ սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձեւն է: Ես դրանում համոզված եմ: Բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ դեպքում Հայաստանն է դուրս մնում խոսակցությունից, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանը չի կարող խոսակցությունից դուրս մնալ, եթե ուզենա էլ, չի կարող, որովհետեւ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ տարածաշրջանային ու միջազգային հարաաբերությունների որեւէ հարցից չի կարող դուրս մնալ: Իհարկե, ԼՂ խնդիրը մեզ համար ունի հատուկ կարեւորություն, եւ մենք բոլոր միջոցներով պաշտպանում ենք նաեւ ԼՂ մեր հայրենակիցների շահերը: Դա արտահայտվում է նրանով, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո ամեն ինչ անում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցները շարունակեն ապրել ԼՂ-ում:

ԼՂ մեր հայրենակիցների հաջողության գրավականը այնտեղ ապրելն է, այնտեղ ստեղծագործելը, արարելն է: ՀՀ-ն բոլոր հնարավոր պայմանները ստեղծում է դրա համար: ԼՂ բյուջեն երբեք այդքան չի եղել, քան այսօր է, երբեք ՀՀ բյուջեից այդքան աջակցություն չի ստացել»,-ասաց նա:

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Փաշինյանն ասաց. «Այո, մենք գտնում ենք, որ Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ պետք է տեղի ունենա խոսակցություն, երկխոսություն, բանակցություն: Եթե 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորվել էր»:

  • Կիսվել: