կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլյացիա. Լավրով

Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլյացիա. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Al-Jazeera-ին՝ նշելով, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլյացիա։ 

Նա ասել է, որ Մոսկվան առաջարկում է բանակցել` պայմանագրով ապահովելու Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդների` առանց բացառության ազգային բոլոր փոքրամասնությունների օրինական իրավունքներն ու հավասարությունը։

Լավրովը նշել է, որ Ուկրաինայում օրենք կա երեք բնիկ ժողովուրդների մասին, սակայն, նրա խոսքով, կարծես այդ երկրում ընդհանրապես ռուսներ չեն եղել։

՛՛Սա արդեն իսկ օրենսդրական հիմք է ստեղծում հետագա ռուսատյաց քաղաքականության համար, և ոչ միայն ռուսատյաց, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների՝ հունգարացիների, ռումինացիների, լեհերի, բուլղարների նկատմամբ: Մենք ենթադրում ենք, որ դա կորոշի ուկրաինացի ժողովուրդը։ Եթե կառավարությունը համաձայնի այն պայմաններին, որոնք հիմա քննարկվում են, դա կլինի համաձայնություն՛՛,-կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ընթացիկ հատուկ գործողության մասին և ասել, որ ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհեր թույլ չտալու համար։

Լավրովն անդրադարձել է նաև Ղրիմին և ասել, որ այդ թեման Մոսկվան չի քննարկի: ՛՛Այդ հարցը փակված է՛՛,-ասել է նա

  • Կիսվել: