շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան ստեղծում է հայրենական արտադրության տանկ` բաղադրիչները ներկրելով արտերկրից

Թուրքիան ստեղծում է հայրենական արտադրության տանկ` բաղադրիչները ներկրելով արտերկրից

Պաշտպանական ոլորտի վերլուծաբան Քալեբ Լարսոնը The National Interest-ում հրապարակված հոդվածում հայտնել է, որ հնարավոր է` հարավկորեական երկու ընկերություն մարտական շարժիչներ և փոխանցման տուփեր մատակարարի թուրքական նոր «Ալթայ» տանկի համար։

Լարսոնը նշել է, որ Թուրքիան նոր մարտական տանկ է ստեղծում՝ փորձելով փոխարինել ամերիկյան արտադրության իր հին տանկերը և հավելել, որ 2016 թվականին Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժման ընթացքում Թուրքիան կորցրել է 12 տանկ։

Բացի այդ շարքից դուրս է եկել նաև գերմանկան Leopard տեսակի 2 տանկ։

Վերլուծաբանը նշել է նաև, որ նոր «Ալթայ» տեսակի մարտական տանկը «զարմացնելու շատ բան չունի»՝ մյուս տանկերի համեմատ։

Թուրքիան աշխատում է շարժիչային բլոկ ստեղծելու համար, որի համար գերմանական արտադրության շարժիչներ օգտագործելու նրա հույսերը մարել են այն բանից հետո, երբ Սիրիայում իր ռազմական գործողությունների հետևանքով Գերմանիան զենքի էմբարգո է կիրառել։

Հարավկորեական K2 հիմնական մարտական տանկի շարժիչի և փոխանցման տուփերի բաղադրիչները հնարավոր է, որ օգտագործվեն «Ալթայ» տանկերի նոր նախագծերում, սակայն, ինչպես հայտնել է Լարսոնը, նույնիսկ այդ բաղադրիչները գերմանական ծագում ունեն, որի հետևանքով Հարավային Կորեան ստիպված է լինելու փոխել գերմանական բաղադրիչները՝ Բեռլինի զենքի էմբարգոյից խուսափելու համար։

Թուրքիայի կառավարությունը կենտրոնացրել է երկրի պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու և արտասահմանյան արտադրության զենքերից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Թուրքական կողմը պնդում է, որ «Ալթայ»-ն ամբողջովին տեղական արտադրության տանկ է, սակայն Լարսոնը նշում է, որ նախագիծը հիշեցնում է «Ֆրանկենշտեյնի հրեշը»՝ որպես Թուրքիայից, Հարավային Կորեայից և Գերմանիայից բաղադրիչների կարկատան:

   

  • Կիսվել: