շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի դաշնակցի պես չի պահում. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի դաշնակցի պես չի պահում. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Արդեն քանի ամիս է՝ Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի դաշնակցի պես չի պահում, և մենք նրան փորձել ենք դա հասկացնել: Այս մասին, ինչպես հայտնում է Franceinfo-ն, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին։

Նախարարն արձանագրել է անցնող տարում երկու երկրների միջև հարաբերությունների զգալի վատացումը: Ընդ որում՝ տիկին Պարլին նշել է, որ Ֆրանսիան նախապես ՆԱՏՕ-ի փաստացի միակ անդամ երկիրն էր, որ այդ մասին բացահայտ խոսում էր: Նա նաև հիշեցրել է թուրքական ռազմածովային ուժերի կողմից հրահրված միջադեպը Միջերկրական ծովում ֆրանսիական նավի դեմ: Նախարարը նկատել է՝ այդ գործողություններն այն ժամանակ ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից հարկ եղած դատապարտումը չստացան:

Տարեվերջին, սակայն, իրավիճակը փոխվել է. Պարլին հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դեկտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդակցության ժամանակ դատապարտել է Թուրքիայի պահվածքը: Բացի այդ, Պաշտպանության նախարարը մեջբերել է Թուրքիայի նախագահի խոսքերը, որ վերջերս հայտարարել է, թե «Անկարան ցանկանում էԵՄ հետ զրույցում այլ տոնայնություն կիրառել»: Ի պատասխան՝ Պարլին հայտարարել է, թե «խոսքերին պետք է արարքներ հետևեն»:

  • Կիսվել: