ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը
ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՆԱՏՕ-ն կուժեղացնի զսպումն ու պաշտպանությունը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկական տարածաշրջանում՝ աջակցելով «Արկտիկական ժամապահ» ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 11-ին՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի որոշմամբ»։
Իր հերթին Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը հայտարարել է. «Մեր ընդհանուր նպատակն Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության բարձրացումն է։ ՆԱՏՕ-ի շրջանակներում այդ նպատակը մենք առաջ ենք քաշել տարբեր համատեքստերում մեր անդամակցության ընթացքում»:
Նա նաև նշել է, որ «Արկտիկական ժամապահ» գործողությունը միավորում է դաշնակիցների գործունեությունն Արկտիկական տարածաշրջանում և ձևավորում միասնական գործառնական կառուցվածք։ Ի թիվս այլ բաների՝ այն ներառում է նաև «Սառը արձագանք» վարժանքները, որոնց ակտիվորեն մասնակցում է Ֆինլանդիան։
Ըստ Ֆինլանդիայի ՊՆ ղեկավարի՝ «կարևոր է Արկտիկական տարածաշրջանը դիտարկել որպես պաշտպանության զսպման ու զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն աշխատանքի մաս»:


