Թրամփը կոչ է արել առաջընթացի հասնել Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կոչ է արել առաջընթացի հասնել Գազայի պատերազմում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Գործարք կնքեք Գազայում։ Վերադարձրեք պատանդներին»:
Ըստ Associated Press-ի՝ իսրայելցի մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Վաշինգտոն, ինչը նոր համաձայնագրի հարցում հնարավոր առաջընթացի նշան է։
Պաշտոնյան ասել է, որ ուրբաթ օրը Թրամփը գործարք կնքելու հույս է հայտնել՝ նշելով, որ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ Նեթանյահուի գլխավոր խորհրդականը՝ Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը, այս շաբաթ պետք է մեկներ Վաշինգտոն՝ հրադադարի շուրջ բանակցությունների համար։