Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին
Երբ այս հակամարտությունն ավարտվի, իսկ դա շուտով տեղի կունենա, ամբողջ աշխարհը կդառնա շատ ավելի անվտանգ, ավելի լավ ու խաղաղ մի վայր, որտեղ չի լինի այն վտանգը, որը մենք ստիպված էինք հանդուրժել: Այս մասին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը Վետերանների օրվա առթիվ անցկացված արարողության ժամանակ, խոսելով Իրանի հետ հակամարտության մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:
Նա հավելել է, որ պատերազմը սկսել է ոչ թե ամերիկյան կողմը, այլ Իրանը, որը, ըստ Թրամփի, «1979 թվականից պատերազմ է վարում Ամերիկայի դեմ»։
ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ ամերիկացի զինվորականները գործում են՝ «Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելու» համար։
Ելույթ ունենալով զինծառայողների, վետերանների և իր վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների առջև՝ Թրամփը նաև գովաբանել է արարողությանը ներկա պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ հայտարարելով, որ նա «ֆանտաստիկ աշխատանք է կատարել»։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն արգելափակել են Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու փորձը։ Նախաձեռնությունը ներկայացրել է պաշտոնը լքող հանրապետական կոնգրեսականը, որը Պենտագոնի ղեկավարին մեղադրել է առանց Կոնգրեսի թույլտվության պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։



