Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Մերձավոր Արևելքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը կշարունակվի՝ չնայած պատժամիջոցներին և սպառնալիքներին։ Ահմադ Վահիդիի խոսքով՝ բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում։
Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Օմանի հետ փոխըմբռնման են հասել Հորմուզի նեղուցում նավագնացության կազմակերպման շուրջ։ Պաշտոնյան նաև շեշտել է՝ նեղուցը երբեք չի վերադառնա մինչև պատերազմը եղած կարգավիճակին։
Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է բանակին նախապատրաստվել Իրանի դեմ հարձակման։ Իսկ ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտը, որը կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել, Նեթանյահուին հորդորել է Իրանի դեմ ռազմական գործողություններ չիրականացնել, մինչև նոր կառավարություն չձևավորվի։
Միևնույն ժամանակ, Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի հիվանդանոցներից մեկին․ զոհվել է առնվազն 6 մարդ։ 20 մարդ վիրավորվել է։ ՀԱՄԱՍ-ն այս հարվածը որակել է որպես պատերազմական հանցագործություն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքում իրավիճակը քննարկելու համար նիստ կանցկացնի։ Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովներից մեկը 151 կողմ և 7 դեմ ձայնով ընդունել է բանաձևի նախագիծ, որով վերահաստատվում է Պաղեստինի ինքնիշխանությունը օկուպացված տարածքներում գտնվող բնական պաշարների նկատմամբ։



