ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Թրամփն UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար և թիմում ներգրավել Մախաչևին ու Նուրմագոմեդովին

Թրամփն UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար և թիմում ներգրավել Մախաչևին ու Նուրմագոմեդովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է, որ Բացարձակ մենամարտերի առաջնության՝ UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է զբաղեցնել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հաճույքով հայտարարում եմ, որ մեծն Դանա Ուայթին՝ կոփված մարտիկին ու ռազմիկին, առաջարկվել է Միացյալ Նահանգների մամուլի քարտուղարի պաշտոնը»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը Ուայթին խնդրել է իր թիմում ներգրավել հայտնի մարզիկների, այդ թվում՝ Իսլամ Մախաչևին, Խաբիբ Նուրմագոմեդովին, Ջասթին Գեյջիին, Դենիել Կորմիեին, Ամանդա Նունյեսին և Քեյլա Հարիսին։ Թրամփը նշել է, որ նրանցից ոմանք ԱՄՆ քաղաքացիներ չեն։

ԱՄՆ առաջնորդն իր ընտրությունը բացատրել է քաղաքական ընդդիմախոսներին դիմակայելու անհրաժեշտությամբ՝ նրանց անվանելով «խելագար ձախեր»։

Դիմելով UFC-ի ղեկավարին՝ նա ասել է. «Դանան այնպիսի մամուլի քարտուղար կլինի, ինչպիսին դեռ չի եղել։ Դանա՛, խնդրում եմ, համաձայնի՛ր»:

Նշենք, որ Թրամփի հայտարարության մեջ չի հստակեցվում՝ խոսքը պաշտոնի նշանակման պաշտոնական առաջարկի՞, թե՞ կատակի մասին է։

Հավելենք՝ Դանա Ուայթը ղեկավարում է UFC-ն և վաղուց աջակցում է ԱՄՆ նախագահին:

  • Կիսվել: