երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի ռազմավարական նշանակությունն աճել է Սիրիայում, Լիբիայում եւ Գազայում թուրքական ագրեսիայի լույսի ներքո. իսրայելցի փորձագետ

Հայաստանի ռազմավարական նշանակությունն աճել է Սիրիայում, Լիբիայում եւ Գազայում թուրքական ագրեսիայի լույսի ներքո. իսրայելցի փորձագետ

Թուրք զինվորականները չեն կարող լուրջ դիմադրություն ցույց տալ ռուսական օդային  ուժերին Սիրիայում։  Նման կարծիք InfoPort-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Է իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինը ՝ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական առճակատմանը և դրա հետևանքներին ։

Նրա խոսքով ՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը Էրդողանի գլխավորությամբ վարակված է ռեւանշիզմի երեք ուղղություններով. նախ ՝ թուրքական վերնախավը գնալով ավելի բացահայտ կերպով է ցուցադրում Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր ձգտումը, երկրորդ ՝ հստակ արտացոլվում է պանթուրքիստական ուղղվածության աճող ազգայնական ոգին, եւ երրորդ ՝ Թուրքիան այսօր ագրեսիվ իսլամիզմի կրողն ու տարածողն է։

"Եվ այդ եռակի ագրեսիվ նկրտումներին համահունչ Անկարան գործում է Սիրիայում, Գազայի հատվածում և Լիբիայում։  Վերջին շրջանում Թուրքիան նույնիսկ սկսեց ոտնձգություն կատարել Երուսաղեմի հայկական թաղամասի վրա", - նկատեց փորձագետը ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ թուրքական բանակը առանձնանում է իր թուլությամբ և ցածր պրոֆեսիոնալիզմով։

Նրա խոսքով ՝ թուրք զինվորականները չեն կարող լուրջ դիմադրություն ցույց տալ ռուսական օդային ուժերին։ Ավելին, նա ընդգծեց, որ թուրքական զինված ուժերը պարտվում են նաև կառավարական սիրիական ուժերին։ "Թուրքերը հազարավոր փախստականներ են ուղարկել Սիրիա ՝ գրոհայինների հետ միասին։ Նրանք նպաստում են պատերազմի վերսկսմանը։ Սակայն ռազմավարական ոչ մի հաջողության նրանք չեն կարող հասնել, քանի դեռ ռուսական զինված ուժերի ներկայությունը Սիրիայում ակտիվ է", - ընդգծեց է Էսկինը։

Նրա խոսքով ՝ ռուս-թուրքական հարաբերությունները կհասնեն եռման որոշակի կետի, սակայն բաց հակամարտության մեջ այդ երկու երկրները չեն մտնի։  "Էրդողանին Սիրիայում տեղային բախումներ են հարկավոր ներքին կարիքների համար, սակայն լուրջ մարտական պայքարի նա պատրաստ չէ", - կանխատեսեց փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայում իրավիճակը, մասնավորապես թուրք-ռուսական հակազդեցությունը, կանդրադառնա տարածաշրջանում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացների վրա, փորձագետն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի կողմից հնարավոր հակահայկական ագրեսիայի որեւէ կոնկրետ ահազանգ չկա: "Բայց պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած հնարավոր զարգացումների։  Թուրքական ագրեսիան կարող է ի հայտ գալ որպես ռևանշիզմի ընդհանուր ռազմավարության մաս", - նշեց Էսկինը։

Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց պաշտոնական Երեւանին հատուկ ջանքեր գործադրել Մոսկվայում, Բրյուսելում, Երուսաղեմում եւ Վաշինգտոնում պարզաբանելու ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանման եւ Հայաստանի ամրապնդման կարեւորությունը: "Ցավոք, հայկական դիրքերը Մոսկվայում խիստ թուլացել են։ Հայաստանի նկատմամբ գրեթե բոլոր բարեհաճ վերաբերմունք ունեցող քաղաքական և հասարակական գործիչները, լրագրողները բաց անհամաձայնության մեջ են ՀՀ ներկայիս ղեկավարության հետ։  Շատ կարեւոր է փոխել ստեղծված իրավիճակը եւ ուղիներ գտնել Մոսկվայում հայկական դիրքերի ամրապնդման համար",- վստահեցրեց Էսկինը ։

Ընդ որում, ընդգծեց նա, Հայաստանի ռազմավարական նշանակությունը Սիրիայում, Լիբիայում եւ Գազայում թուրքական ագրեսիայի լույսի ներքո միայն աճել է: "Այդ փաստը պետք է հասցնել աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրական սպառնալիք դառնալ ողջ տարածաշրջանի համար", - ամփոփեց իսրայելցի փորձագետը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: