Իրանն իր միջուկային օբյեկտները կփակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի համար
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին թույլ չի տա մուտք գործել իր միջուկային օբյեկտներ և այնտեղ տեղադրել գործակալության տեսախցիկները, գրում է parstoday.ir-ը:
Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբաեին 1981 թվականին ահաբեկչության ժամանակ սպանված այաթոլլա Սեյեդ Մոհամմադ Բեհեշտիի հիշատակի արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է, երբ Իրանը հայտնաբերել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հավաքած տվյալները հայտնվել են իսրայելական փաստաթղթերում:
«12-օրյա պատերազմը շարունակությունն էր իրանական ազգի դեմ 47-ամյա թշնամանքի, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Այդ թշնամանքն Իրանի դեմ է, ոչ թե հրթիռների կամ միջուկային ծրագրի։ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ 7 հազար տարվա քաղաքակրթություն ունեցող 90–միլիոնանոց երկիրը թույլ չի տա իրենց գերիշխանությունը տարածաշրջանում»,-հայտարարել է Բաբաեին։
Նա ընդգծել է՝ որքան թշնամին գնա էսկալացիայի, այնքան ուժեղ կլինի Իրանի ժողովրդի պատասխանը: