Հայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբեն Ռուբինյան
Մենք որևէ մեկի հետ կռված չենք, որ հաշտեցման օրակարգով գնանք։ Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ ՀՀ շահերի հիման վրա և նաև փոխադարձ շահերի հիմքի վրա։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գնալու հաշտեցման օրակարգո՞վ։
Ինչ վերաբերում է իր առաջարկին ընդդիմությանը, ասաց՝ եթե իրենք որդեգրում են որևէ քաղաքական տրամաբանություն, ապա այդ տրամաբանությունը պետք է լինի ամբողջական։
«Մեր ընդդիմադիր գործընկերները ասում են՝ մենք բերել ենք հայտարարության նախագիծ, դուք դրան դեմ եք։ Ճիշտ են ասում, որովհետև անընդունելի լեզու և ձևակերպումներ կան այդ հայտարարության մեջ։ Իրենք ասում են՝ ոչինչ, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի օրակարգ՝ քննարկվի։ Ես էլ ասում եմ՝ շատ լավ, դա ընդունելի տրամաբանություն է, եթե այն քվեարկում ենք ամեն ինչի համար։
Մենք կհրապարակենք նոր Սահմանադրության տեքտ, որին դուք դեմ եք, չնայած տարօրինակ է՝ ոնց եք դեմ, եթե չեք էլ տեսել, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի ժողովրդի օրակարգ։ Այսինքն՝ դրվի համաժողովրդական հանրաքվեի։ Դուք էլ գնացեք ու, քավ լիցի, «Ոչ» քարոզեք։
Սա է առաջարկի էությունը»,- պարզաբանեց ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք աշխատանքային քննարկում ունեցե՞լ է ընդդիմադիր գործընկերների հետ, բացասական պատասխան տվեց։
«Չեմ ունեցել, բայց պատրաստ եմ և հրավիրում եմ թեմայի շուրջ քննարկման, եթե մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերները ուզում են նման քննարկում ունենալ»,- ասաց Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագիծն այսօր չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում։



