երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին

Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին

«Գրություն չեմ ստացել, քանի որ ծեծկռտուքը սկսել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Չեմ կարծում, որ ՔՊ խմբակցության որևէ պատգամավոր որևէ կերպ պատասխանատու է ծեծկռտուքի համար»։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խորհրդարանում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքից հետո դատախազությունից ստացե՞լ է գրություններ՝ պատգամավորների հնարավոր հարցաքննությունների կամ նրանց հրավիրելու վերաբերյալ։

«Էս վերջերս էլ տեսա՝ Հ1-ում էլ իրար հարվածել էին երկու հոգի։ Հետաքրքիր է, որ նման բոլոր դեպքերում առաջին հարվածը հասցնում է ընդդիմադիր գործիչը։ Շատ հետաքրքիր և տարօրինակ զուգադիպություն է, որին, կարծում եմ, ուշադրություն չեն դարձնում մեր հարգարժան լրագրողները»,- նկատեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք էր տեղի ունեցել կառավարող ուժի և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում՝ ելույթների ընթացքում, օրենսդիրի անդամները հարձակվել էին միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չէր հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեին իրենց տեղերը, իսկ մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել էր, ստիպված ընդմիջում էր հայտարարել։

Ծեծկռտուքը շարունակվել էր նաև միջանցքում։

  • Կիսվել: