Մեսսին մեծագույն ֆուտբոլիստի չափանիշ է պատմության մեջ. Լուիս Էնրիկե
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամերիկյան «Ինտեր Մայամիի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ կարծիք է հայտնել, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, գրում է ESPN-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անկասկած, ինձ համար լավագույնը պատմության մեջ Լիոնել Մեսին է։ Նա 10-15 տարի եղել է կարիերայի գագաթնակետին։ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստի չափանիշ է պատմության մեջ։ Երկար տարիներ ամենաբարձր մակարդակում ամեն երեք օրը մեկ այդպիսի ֆուտբոլ ցուցադրելը բացառիկ է։ Ես տեսել եմ, թե ինչեր է անում Մեսին մարզման ժամանակ։ Նրա վարպետությունն անհավանական է»:
Նշենք, որ Մեսին Էնրիկեի ղեկավարությամբ խաղացել է «Բարսելոնայում», այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։
Հավելենք, որ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի ՊՍԺ - «Ինտեր Մայամի» հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։