Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ. Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչություն
Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Այս մասին ասված է Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչության տարածած հայտարարության մեջ:
«Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։
Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։
Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։
Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։
Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։
Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը»,-նշված է հայտարարության մեջ։