Ըստ Գրոսիի՝ Իրանին մի քանի ամիս կպահանջվի ուրանի արտադրությունը վերսկսելու համար
Թեհրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ Իրանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր արդյունաբերական և տեխնոլոգիական հնարավորությունները։
Գրոսին ասել է, որ չի կարելի լիովին վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է. «Նրանք կարող են ստանալ... մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ... մի քանի կասկադ ցենտրիֆուգներ, որոնք կպտտվեն և կարտադրեն հարստացված ուրան»:
Այս դիտարկումների հիման վրա Գրոսին կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավոր» լուծում։ Նա ընդգծել է, որ այժմ դրա համար հնարավորություն կա։