չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը կպարտավորեցնի միգրանտներին մատնահետք և ՄԻԱՎ թեստ հանձնել

Ռուսաստանը կպարտավորեցնի միգրանտներին մատնահետք և ՄԻԱՎ թեստ հանձնել

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ աշխատանքային միգրանտները և օտարերկրացիները, ովքեր երկիր են այցելում տևական՝ 90 օրից ավելի ժամկետով, պետք է բուժզննում անցնեն և մատնահետք հանձնեն (դակտիլոսկոպիա)։ Այս մասին հիշեցնում է ՌԴ ՆԳՆ-ն։

Բուժզննման մեջ ներառված է վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ-ի առկայությունն ի հայտ բերող թեստը։ Անձը կենթարկվի նաև թմրանյութային կախվածության ստուգման։ Բոլոր օտարերկրացիները պետք է անցնեն ռենտգենային հետազոտություն, արյան և մեզի փորձաքննություն։

Դաշնային օրենքում ասվում է, որ միգրանտները պետք է հետազոտվեն նարկոլոգի, հոգեբույժի և վարակաբանների մոտ երկիր մուտք գործելուց հետո 30 օրում։ Նշվում է, որ ՄԻԱՎ-ի թեստը հնարավոր է հանձնել միայն ՌԴ տարածքում գտնվող բուժհաստատություններում։ Տեղեկանքները վավեր կլինեն 12 ամիս։ Ժամկետի ավարտից հետո դրանք պետք է վերահաստատվեն։

Մատնահետքեր հանձնել և բուժզննում անցնել հարկավոր չէ Բելառուսի քաղաքացիներին, 6-ից ցածր տարիքի երեխաներին, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերին և մի շարք այլ կատեգորիաների անձանց։

ՌԴ իշխանությունները կարծում են, որ այս միջոցառումները թույլ կտան բարելավել սանիտարահամաճարակաբանական իրադրությունն ու նվազեցնել հանցավորության մակարդակը։

  • Կիսվել: