ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանն ուղիղ դերակատարություն չունի ՀՀ-ի ներքաղաքական կյանքում. Քաղաքական վերլուծաբան

Ռուսաստանն ուղիղ դերակատարություն չունի ՀՀ-ի ներքաղաքական կյանքում. Քաղաքական վերլուծաբան

PONARS ծրագրի շրջանակում վերլուծաբանները քննարկել են հետխորհրդային մի քանի երկրների, ներառյալ Հայաստանի քաղաքական զարգացումներն ու առաջնորդներին, գրում է "Ամերիկայի ձայնը

Հետխորհրդային տարածքում բացառությամբ մերձբալթյան երկրներում ձևավորվել են կառավարման երկու հիմնական մոդելներ, ասում է քաղաքագետ և վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ PONARS ակադեմիական ծրագրի՝ հետխորհրդային մի շարք երկրների առաջնորդներին և քաղաքական զարգացումներին նվիրված քննարկմանը: Քաղաքագետի կարծիքով երկրների առաջին խմբում գործում է ավտորիտար վարչակարգ այս համակարգին բնորոշ բոլոր տարրերով, իսկ մյուս խմբում, ուր, ըստ վերլուծաբանի, ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ղրղզստանը, առկա են ժողովրդավարական համակարգին բնորոշ մեխանիզմներ, ներառյալ հանրային կառավարում, համեմատաբար ազատ մամուլ, խորհրդարանական ընդդիմություն ու իշխանության փոփոխություն: Նա այս խումբը կոչում է ՛՛հիբրիդային՛՛:

՛՛Այս մոդելները չափազանց տարբեր են: Հնարավոր չէ համեմատել իշխանության հասնելու ուղիները, օրինակ, Ուզբեկստանի նախագահ Միրզոևի և, օրինակ, ՀՀ վարչապետ Փաշինյանի կամ անգամ Սերժ Սարգսյանի պարագայում՛՛,- ասում է հայ վերլուծաբանը:

Իսկանդարյանը համակարծիք չէ այն գնահատականին, որ Ռուսաստանն ուղիղ դերակատարություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում: Անկախ առաջնորդների նկատմամբ վերաբերմունքից, նրա կարծիքով, Մոսկվայի համար սկզբունքային չեն անձերը, քանի որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղեգծի ընտրությունը, մասնավորապես ՌԴ ու Արևմուտքի հարցում, բխում է ոչ թե անձերի նախապատվությունից, այլ բազմաթիվ արտաքին քաղաքական գործոններից:

՛՛ՀՀ-ում իշխանության եկած յուրաքանչյուր առաջնորդ անկախ իշխանության գալու ձևից՝ լինի դա հեղափոխություն, թե ընտրություններ, անհրաժեշտություն ունի նորմալ հարաբերությունների հաստատման ՌԴ-ի հետ, հատկապես այս փուլում, երբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության երաշխավորն է՛՛,- նշում է նա:

Վերլուծաբանը չբացառեց, որ գալիք ընտրություններում ռուսաստանյան տարբեր շրջանակներ հակված կլինեն օժանդակելու գործող վարչապետ Փաշինյանին կամ նրա քաղաքական հակառակորդ, երկրորդ նախագահ Քոչարյանին, սակայն Ռուսաստանի իշխանությունները, ըստ վերլուծաբանի, չեն պատրաստվում ցուցաբերել ամբողջական ու միասնական աջակցություն թեկնածուներից որևէ մեկին: Մոսկվան կսպասի ընտրությունների ավարտին և կաշխատի նորընտիր ղեկավարության հետ անկախ նրանից, թե որ թեկնածուին կհաջողվի հաղթել գալիք քաղաքական մրցապայքարում, կարծում է Իսկանդարյանը:

Նա բարձր է գնահատում գործող վարչապետի ՛՛Իմ Քայլը՛՛ դաշինքի հնարավորությունները միանձնյա կամ կոալիցիոն մեծամասնություն ձևավորելու հարցում: Եթե ընտրություններն անցնեին մոտ օրերս, ապա Փաշինյանը վարչական ռեսուրսի օգտագործմամբ կարող է գրանցեր հիսուն տոկոս գումարած մեկ ձայն արդյունք, սակայն առջևում դեռևս երեք ամիս է, որը կարող է ազդել արդյունքների վրա, նշում է Իսկանդարյանը:

՛՛Իմ քայլը դաշինքի բյուրոկրատական ռեստարտը չափազանց հնարավոր է, քանի որ ընդդիմությունը միավորված է բացասական օրակարգի շուրջ: Նրանք բոլորը դեմ են Փաշինյանին ու չունեն ընդհանուր դրական օրակարգ, որն անհնար է, քանի որ նրանք բոլորը չափազանց տարբեր են՛՛,- ասում է վերլուծաբանը:

Քաղաքագետը, սակայն, գտնում է, որ գալիք ընտրությունները չեն հանգեցնի կայուն քաղաքական համակարգին: Արդյունքում, ըստ նրա, կունենանք այսօրվանին բնորոշ իրավիճակ, որտեղ առկա է թույլ իշխանություն, թույլ ընդդիմություն և հիսթափված հանրություն: Վերլուծաբանն ընդգծում է, որ Հայաստանն այսօր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է, որի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են զարգացած քաղաքական կուսակցություններ, որոնք բացակայում են Հայաստանում: Չի ակնկալվում, որ մոտ ապագայում դրանք կձևրավորվեն, իսկ Սահմանադրության փոփոխության մասին գործող իշխանության խոստումն այդպես էլ չիրականացվեց, նշել է քաղաքագետ վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

  • Կիսվել: