ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է փրկել Վանի հայկական հուշարձանները․ թուրքական պարբերականի անդրադարձը

Պետք է փրկել Վանի հայկական հուշարձանները․ թուրքական պարբերականի անդրադարձը

Թուրքական «Շեհրիվան» լրատվամիջոցն անդրադարձել է Վան նահանգի հայկական հուշարձանների հարցին և մասնավորապես Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցուն՝ նշելով, թե չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Վանը զբոսաշրջության առումով շարունակում է մնալ Թուրքիայի առաջատար քաղաքներից մեկը։

Այս մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 6-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում նախատեսվող ամենամյա պատարագին ընդառաջ «Շեհրիվանն» անդրադարձել է Վանում հայկական ճարտարապետության այլ գոհարներին։ Պարբերականն ընդգծում է, որ այդ գանձերից մեկն էլ Վանի Բաշքալե գավառի Ալբայրաք գյուղում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին է։

Վանա լճի ավազանի զբոսաշրջության միության (VAHATUDER- Van Gölü Havzası Turizm Derneği) նախագահ Աբդուլահ Թունչդեմիրը «Շեհրիվան» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին գտնվում է Ալբայրաք գյուղի մոտակայքում։ Միության նախագահը նաև նշել է․ «Հարկավոր է հնարավորինս շուտ սկսել այս կառույցի վերականգնումը։ Մենք ցանկանում ենք գրավել զբոսաշրջիկներին, սակայն դրա համար նախ պետք է վերանորոգել եկեղեցին։ Ճանապարհը կառուցված է, սակայն եկեղեցու վերականգնումը չի սկսվել։ Թուրքիայում կան վայրեր, որոնց ճանապարհները նորոգված չեն, սակայն հուշարձանը վերականգնված է։ Այստեղ հակառակ պատկերն է։ Ճանապարհը նորոգված է, բայց եկեղեցու վերանորոգումը չի կատարվել։ Այս եկեղեցին 15-20 տարի առաջ արժանացել էր արտասահմանցիների մեծ հետաքրքրությանը։ Եկեղեցի գնալու համար ստիպված էինք լինում թույլտվություն ստանալ։ Դժվարին պայմաններում գնում էինք, տեսնում ու վերադառնում։ Սակայն հիմա գնալ-տեսնելն ավելի հեշտ է դարձել։ Այլևս հարմար պայմաններ են առաջացել եկեղեցու վերականգնման համար»։

Թունչդեմիրը պարբերականի թղթակցի հետ զրույցում նաև ընդգծել է, որ զբոսաշրջիկները տարին 12 ամիս ցանկանում են Վան այցելել, և հայտնել․ «Այս համայնքում ընդգրկված քրիստոնյաներն ասում են, թե ուզում են տարին 12 ամիս ուխտագնացության գալ այստեղ։ Այս վայրը օտարերկրացի զբոսաշրջիկների մշտական կանգառն է։ Համավարակից հետո սահմանները կբացվեն։ Արտասահմանցիները կսկսեն այս շրջան այցելել։ Օտարերկրացի զբոսաշրջիկները Աղթամար կղզուց հետո ամենաշատը ցանկանում են այստեղ գալ։ Համաճարակի ընթացքում պետք է ժամ առաջ այս եկեղեցին վերականգնենք։ Հարկ է, որ իրավասուները կատարեն իրենց պարտականությունն այս հարցում։ Զբոսաշրջիկները Աղթամարի կղզու պատարագից առավել այստեղ են ցանկանում գալ, այն էլ՝ 12 ամիս շարունակ»։

«Շեհրիվան» պարբերականը նաև նշում է, թե Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու պես անթիվ-անհամար հուշարձաններ կան Վանում, որոնք վերականգման կարոտ են։ Աղբյուրը նաև հայտնում է, թե ժամանակին Վանը հոծ կերպով բնակեցված է եղել հայերով, այն եղել է նշանավոր հոգևոր կենտրոն, և այդ եկեղեցիների նման՝ բազմաթիվ հուշարձաններ կան այստեղ, որոնք վերածվել են ախոռի կամ ավերակ վիճակում են գտնվում։

Թուրքական լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին և ժամատունը կառուցվել են նույն տարեթվին՝ մոտավորապես 13-14-րդ դարերում։ Իրականում կենտրոնագմբեթ և խաչաձև նախագծով կառուցված սույն եկեղեցու հիմքը դրվել է դեռևս 3-րդ դարում։

  • Կիսվել: