Իսրայելի վարչապետը խոստացել է «անարձագանք չթողնել» «Պեգասուս»-ով քաղաքական-հասարակական գործիչներին գաղտնալսելու պնդումները
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը նշել է, որ անպատասխան չի թողնի երկրի ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին և լրագրողներին ՛՛Պեգասուս՛՛ համակարգով գաղտնալսելու վերաբերյալ մեղադրանքները։
Նշենք, որ ավելի վաղ իսրայելական ՛՛Calcalist՛՛ պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Իսրայելի ոստիկանությունը, առանց դատարանի համապատասխան որոշման, ՛՛NSO Group՛՛-ի ՛՛Պեգասուս՛՛ ծրագրի միջոցով գաղտնալսել է երկրի քաղաքական գործիչներին, պետական գերատեսչությունների ղեկավարներին, բիզնեսմեններին, լրագրողներին և հասարակական գործիչներին։
Այս առնչությամբ Բեննեթը, մասնավորապես, նշել է. ՛՛Պեգասուս՛՛-ի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները շատ լուրջ են, եթե դրանք իրական են։ Մենք դա անպատասխան չենք թողնի։ Ենթադրյալ փաստերն ու իրադարձությունները շատ լուրջ են՛՛:
Նրա խոսքով՝ ՛՛Պեգասուսն՛՛ ու համանման ծրագրերը ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի կարևոր գործիքներ են և նախատեսված չեն Իսրայելի պաշտոնատար անձանց կամ հասարակական գործիչների մասին ինֆորմացիա հավաքագրելու համար։
Բեննեթը նշել է, որ պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունեցել և, հավաստիացրել է, որ կառավարության իրավական խորհրդականի տեղակալ Ամիթ Մերարին արագ կուսումնասիրի հրապարակված փաստերը։
Ըստ նրա՝ Իսրայելի կառավարությունը շուտով նոր իրավական խորհդատու կնշանակի (նախկին խորհրդականի լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված-խմբ․), և նրա ու համապատասխան նախարարների հետ ինքը հանգամանալից կքննարկի և կուսումնասիրի խնդիրը։