Բելգրադում դանակներով հարձակվել են Իսրայելի դեսպանատան պահակախմբի աշխատակցի վրա
Բելգրադում անհայտ անձը երկու դանակով հարձակվել է Իսրայելի դեսպանատունը հսկող ժանդարմերիայի աշխատակցի վրա: Այս մասին տեղեկացնում է RTS-ը։
Ինչպես հաղորդվում է՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին ժամը 00։15-ի սահմաններում։ Ոստիկանն իր կրակոցներով սպանել է հարձակվողին, իսկ ժանդարմը միայն դեմքի կտրած վերք է ստացել։
Ըստ N1 Info-ի՝ Սերբիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն և հայտարարել ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։
Բելգրադի դատախազության տվյալներով՝ սև հագուստով տղամարդը բացել է պահակակետի դուռը և երկու դանակով շարժվել դեպի ժանդարմը՝ բղավելով «Ալլահու աքբար»։ Նա դանակներից մեկը նետել է ոստիկանի ուղղությամբ և վիրավորել նրա ձախ այտը։ Ժանդարմերիայի աշխատակիցը պատասխան կրակ է բացել և սպանել հարձակվողին։ Դատախազությունը զենքի կիրառումը հիմնավորված է ճանաչել՝ որպես ինքնապաշտպանության միջոց։
Նշվում է նաև, որ Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտնել է, որ հարձակվողն անչափահաս է եղել, ենթադրաբար՝ Շաբաց քաղաքից։ Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները նախկինում հետևել են դեռահասին, որին համարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից․ Instagram-ի նրա էջում հայտնաբերվել են սև դրոշ և խմբավորման խորհրդանիշներ։
Հարձակումից հետո իշխանությունները կարգադրել են ուժեղացնել կարևոր օբյեկտների, ենթակառուցվածքային օբյեկտների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի պահպանությունը։ Քննությունը շարունակվում է։



