կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Իրանից հետո Իսրայելը նախատեսում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. ԻԻՀ ԱԱԽ քարտուղար

Իրանից հետո Իսրայելը նախատեսում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. ԻԻՀ ԱԱԽ քարտուղար

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը վճռական դիրքորոշում ունեն Իսրայելի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա ասել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը ևս բացառիկ կոշտ և վճռական դիրքորոշում է դրսևորել։

Ռեզայիի խոսքով՝ կողմերը համատեղ քննարկել են Իսրայելից մահմեդականներին պաշտպանելու, իսրայելական զորքերը Լիբանանի հարավային և Սիրիայի հարավային շրջաններից դուրս բերելու, ինչպես նաև Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին տիրող իրավիճակի հարցերը։

«Եթե մեր չորս երկրները միավորեն իրենց ջանքերը, մեր ընդհանուր հզորությունը բազմապատիկ կաճի։ Սա տարածաշրջանային բոլորովին նոր կարգ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հանդիպումները կշարունակվեն։

Ռեզային նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը իրեն տեղեկացրել է, որ Իրանից հետո Իսրայելը նախատեսում է հարվածել Թուրքիային, ապա՝ Սաուդյան Արաբիային։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչներն իրեն հատուկ նախազգուշացրել են, որ Իսրայելը մտադիր է իր ագրեսիան տարածել նաև այլ մահմեդական երկրների վրա։

  • Կիսվել: