Բոլորը իրավունք ունեն բողոքել, բայց անկարգություններ թույլ չենք տա․ Ռոհանի
Իրանի իշխանությունները ճանաչում են մարդկանց բողոքի ցույցեր անելու իրավունքը ընդդեմ, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Press TV-ն:
«Բնական եմ համարում, որ կառավարության ծրագրերին ոչ բոլորն են համաձայն և նրանք կարող են իրենց կարծիքը հայտնել։ Բայց մենք չպետք է թույլ տանք կարգի խախտումներ»,- ասել է Ռոհանին։
Նա խանթույլատրելի է համարել բողոքելու իրավունքի չարաշահումը եւ բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու եւ քննադատելու իրավունք ունեն»,- ասել է նա:
Վառելիքի գների բարձրացման կառավարության որոշման պատճառները նշելիս նա ասել է, որ բենզինի գնի բարձրացումը կառավարությանը ոչ մի շահույթ չի բերելու, այլ ավելի շուտ ծառայելու է ժողովրդի շահին:
Ըստ նրա նոր որոշումը կբերի բենզինի սպառնման նվազման եւ կօգնի ինքնուրույնություն պահպանել բենզինի արտադրության մեջ:
Ավելի վաղ Իրանի նավթամթերքների տեղաբաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ սովորական բենզինի մեկ լիտրի գինն աճել է 10 հազար ռիալից մինչեւ 15 հազար ռիալ (ԱՄՆ 12,7 ցենտ), իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար ամսական 60 լիտր մակարդակի սահմանափակում է մտցվել: Լրացուցիչ գնումները կարժենան լիտրի դիմաց 30 հազար ռիալ:
Այս որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք վերածվել էին ոստիկանների հետ բախումների:
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին աջակցել էր կառավարության որոշմանը: Նա ընդգծել էր այս առումով մարդկանց պահանջների բավարարման անհրաժեշտությունը՝ ասելով, որ պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որ ծրագիրը չհանգեցնի մյուս ապրանքների գների բարձրացման: