Բլինկենն Իրանին նախազգուշացրել է ԳՀՀԾ-ին վերադառնալու ժամկետների սահմանափակ լինելու մասին
Իրանը պետք է հաշվի առնի, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթների պահպանմանը վերադառնալու վերաբերյալ համաձայնության հասնելու ժամկետները սահմանափակ են, NPR ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։
«Մենք դեռ հավատում ենք, որ եթե մենք կարողանանք առաջիկա շաբաթների ընթացքում (ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ) վերադառնալ ԳՀՀԾ-ին, ապա դա լավագույն լուծումը կլինի մեր անվտանգության ինչպես նաև տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների անվտանգության համար: Բայց մենք ունենք շատ քիչ ժամանակ, թռիչքուղին շատ կարճ է»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ «Իրանը գնալով մոտենում է այն կետին, որտեղ նա կարող է կարճ ժամանակում արտադրել միջուկային զենքի համար բավարար քանակությամբ տրոհվող նյութ», քանի որ «նրանք ինչ-որ նոր բան են անում, ինչի հետևանքով այս երկիրը հրաժարվել է համաձայնագրից»:
«Այնպես որ, կարծում եմ, մեզ մնացել է մի քանի շաբաթ՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք հասնել փոխադարձ համաձայնության։ Բայց եթե չկարողանանք, մենք կդիտարկենք այլ քայլեր, այլ տարբերակներ»,- զգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Վիեննայում կայացած՝ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դա բավարար չէ։