չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Հայ զինծառայողի խոշտшնգմшն և սպшնությшն համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել

Հայ զինծառայողի խոշտшնգմшն և սպшնությшն համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել

Գործը վարած իրավաբանների  թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

«Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը վերջնական է դարձել․ Ադրբեջանի դիվանագիտական բողոքներն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձն արդյունք չեն տվել։

Մեր գնահատմամբ՝ այս արդյունքը կարևոր իրավական հենարան է զինված հակամարտությունների ընթացքում տուժած անձանց և նրանց ընտանիքների պաշտպանության համար։

2026 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած կազմը մերժել է «Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը Մեծ պալատ փոխանցելու՝ Ադրբեջանի կառավարության դիմումը։ Այդպիսով, Դատարանի՝ 2026 թվականի հունիսի 18-ի վճիռը դարձել է վերջնական և պարտադիր կատարման։ Դիմումատուները զինծառայողի ծնողներն ու քույրն են, որոնք ՄԻԵԴ էին դիմել 2016 թվականի ապրիլի 13-ին։ Նրանց շահերը ներկայացրել է իրավաբանական թիմը՝ հանձինս Արա Ղազարյանի, Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Արտակ Զեյնալյանի, Հասմիկ Հարությունյանի և Սիրանուշ Սահակյանի։

Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։ Արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումներ։

Դատարանը նաև առանձին գնահատել է ընտանիքի տառապանքը։ Հարազատի դաժան սպանությունը, մարմնի խեղումը և մարմնի բացակայող մասերը հետ ստանալու ու պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու անհնարինությունը ծնողների և քրոջ համար առաջացրել էին ծանր ու շարունակական հոգեկան տառապանք։ Այս հանգամանքներում Դատարանը ճանաչել է նաև նրանց իրավունքների խախտումը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառով։

Ադրբեջանը փորձել է հերքել իր զինծառայողների ներգրավվածությունը և բացառել իր պատասխանատվությունը՝ վկայակոչելով տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Դատարանը հաստատել է, որ զինծառայողը գտնվել է ադրբեջանական ուժերի փաստացի իշխանության ու վերահսկողության ներքո։ Ադրբեջանի վարկածին հակասել են նաև հենց ադրբեջանական պաշտոնական հայտարարություններն ու հրապարակված տեսանյութերը։ Մերժվել է նաև այն առարկությունը, թե ընտանիքը նախ պետք է դիմեր ադրբեջանական իշխանություններին․ Դատարանը հաշվի է առել հայ դիմումատուների համար առկա գործնական և համակարգային խոչընդոտները և արձանագրել, որ Ադրբեջանը չի ապահովում էթնիկ հայերի համար իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց։

Վճռի հրապարակումից հետո Ադրբեջանն իր դժգոհությունն էր արտահայտել նաև դիվանագիտական մակարդակում։ 2026 թվականի հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանական կողմը վճիռը որակել է անարդար և կողմնակալ՝ առարկելով, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանման և դրա մարմիններին վերաբերող ձևակերպումների դեմ։ Ադրբեջանի դժգոհությունն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձը չեն փոխել գործի վերջնական իրավական և արդար արդյունքը։

Վերջնական վճռի կատարումը վերահսկելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։

Տեղեկացնում ենք նաև, որ մեր իրավաբանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գանգատներ, որոնցով ակնկալում ենք նոր դատական ակտեր»։

  • Կիսվել: