չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում. Զուրաբիշվիլի

ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտավախություն է հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին ստանալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:

«Ցավում եմ, որ այս որոշմամբ մեր երկիրը հայտնվում է պատժամիջոցների տակ գտնվող այլ երկրների ցանկում, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանը եվրոպական գործընկերներից կարևորագույն որոշում է ակնկալում՝ թեկնածուի կարգավիճակի տրամադրում։ Մտավախություն ունեմ, որ ԱՄՆ-ի որոշումը Եվրոպայում որպես բացասական ազդանշան կընկալվի»,- նշել է Զուրաբիշվիլին ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել, դատական համակարգում կոռուպցիայի հնարավոր փաստերի քննության կամ Արդարադատության բարձրագույն խորհրդի կազմի վերանայման ուղղությամբ:

Զուրաբիշվիլու կարծիքով՝ թեև ԱՄՆ պատժամիջոցները վերաբերում են ընդամենը չորս մարդու, սակայն վնասում են Վրաստանի հեղինակությանը:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նշել է, որ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նա ԱՄՆ-ից պահանջել էր ապացույցներ, որոնք կփաստեին վրացի դատավորների մեղավորությունը կոռուպցիայի համար:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել էր, որ Վաշինգտոնը համոզված է իր տեղեկության արժանահավատության հարցում:

«Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ այդ անձինք ներգրավված են եղել լուրջ կոռուպցիայի մեջ՝ կապված իրենց ներկա և նախկին պաշտոնների հետ։ Այս կոռուպցիոն գործունեությունը խաթարում է օրենքի գերակայությունը Վրաստանում։ Այն խաթարում է նաև երկրում ժողովրդավարական գործընթացները»,- ասել է Պատելը:

  • Կիսվել: