Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի հրադադարի առաջարկը, որը Թեհրանին է փոխանցվել Իրաքի վարչապետի միջոցով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի և իրաքցի աղբյուրների։
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին հուլիսի 23-ին Թեհրան այցից առաջ Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հրատարակությունը նշում է, որ առաջարկվող հրադադարի առաջարկի մանրամասներն անհայտ են։
«Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները նշել են, որ դա սեղանին դրված միակ առաջարկն է, և որ իրենց կառավարությունը հետաքրքրված չէ ժամանակավոր համաձայնագրով, որը չլուծված է թողնում Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը», - գրում է The New York Times-ը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետը հուլիսի 23-ին Թեհրան է ժամանել բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության հետ։ Նա հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Արաղչին պետական հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ Իրաքի վարչապետը կիսել է Վաշինգտոն իր այցի վերաբերյալ «տեսակետներն ու տպավորությունները», սակայն Թեհրանը և Վաշինգտոնը արդեն բավական թվով միջնորդներ ունեն։
«Խնդիրը հաղորդագրությունների փոխանցումը չէ։ Խնդիրն Ամերիկայի տեսակետն է, որն անտրամաբանական է, ագահ և վերահսկող», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Իրանցի երկու պաշտոնյաները NYT-ին հայտնել են, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի ընդլայնման, եթե Թրամփն իրականացնի Թեհրանին և երկրի կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու իր սպառնալիքը։
Հուլիսի 23-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել էր, որ այլևս թույլ չի տա հրադադարներ, որոնք ԱՄՆ-ն կարող է օգտագործել իր զինանոցները համալրելու համար։



