ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ով որքան գումար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ով որքան գումար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Մարտի 17-ից բացված Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության հաշիվեհամարին մարտի 24-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499 մլրդ 834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2407:

Մինչ այժմ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ամենամեծ ներդրումը, որի մասին հրապարակային հայտարարություն է արվել, իրականացրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ 100 մլն դրամ։ Այս միջոցներից 50 մլն ՀՀ դրամը փոխանցվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին։ Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։ Պատգամավոր, սեփականատեր Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար փոխանցել է 60 մլն դրամ, որից 15 մլն դրամն ուղղել է բժիշկների պարգևավճարներներին։ 35 մլն դրամ էլ փոխանցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին։ Ծառուկյանը հայտնել է նաև, որ դրամական օգնություն է տրամադրել նաև Գյումրու հիվանդանոցին, որտեղ, իր խոսքով, այս պահին 20 հիվանդ է բուժում ստանում։

Խաղային ընկերություններից նվիրատվություն է կատարել «Աջարաբեթը», որ վերոհիշյալ հաշվին 50 միլիոն դրամ է փոխանցել։ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Հայրապետի կարգադրությամբ Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով պետական գանձապետարանում բացված հաշվին: Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողեր Ալեքսանյանը, տեղեկացրել է, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը հաշվեհամարին փոխանցել է 20 միլիոն դրամ։

Evocabank-ի ներդրումը կազմել է 10 մլն դրամ։ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար կազմի ներկացայուցիչները բացված հատուկ հաշվեհամարին փոխանցել են իրենց մեկօրյա աշխատավարձերը, փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ։ Հայկական Renderforest ընկերությունը նվիրաբերել է 1 միլիոն դրամ։ Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին անմասն չի մնացել նաև կրթական համակարգը։ Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն դրամ: Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրամին փոխանցել են 3-ական միլիոն դրամ, Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)՝ 2 մլն դրամ, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 1 մլն դրամ։ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին իր մեկամսյա աշխատավարձն է փոխանցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցումը կազմել է 1. 017.556 դրամ։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիններից էր, որ հայտարարեց, որ իր այս ամսվա աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100.000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարեց, որ իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել է մեր բուժաշխատողներին։ Միրզոյանը նաև նշեց, որ իր նախաձեռնությւամբ մյուս պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները նույնպես կփոխանցվեն բուժաշխատողներին։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ հայտարարեց է, որ միանում է կորոնավիրուսի պայքարի դրամահավաքին՝ նվիրաբերելով մարտ և ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձը: Հատկանշական է, որ գոնե հրապարակային հայտարարություններում չկային խոշոր հարկատուների առաջին տասնյակում հայտնված ընկերությունների անուններ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն հայտարարել, էր, որ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին: «Մեր ձեռնարկությունն արդեն ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին»,-ասել էր նա:

Մյուս խոշոր հարկատուների կողմից աջակցության և նվիրատվությունների մասին գոնե հրապարակային հայտարարություններ չեն հնչել։

Նշենք, որ 2019 թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր «Գրանտ Տոբակոն», երկրորդ հորիզոնկանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր։ Երրորդ և չորորդ հորիզոնականներում համապատասխանաբար «Գազպրոմ Արմենիան» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակն» են, 5-րդը՝ «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, 6-րդը՝ «Ֆլեշ» ընկերությունը։ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը և «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 7-րդ և 8-րդ հորիզոնականներում են։ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը՝ 9-րդն է։
Խոշոր հարկատուների առաջին 10-յակը անցած տարեվերջի տվյալներով եզրափակում էր «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը։

  • Կիսվել: