Իրանը պաշտոնապես դադարեցնում է համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է արձակել՝ կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նախագահը պաշտոնական նամակով տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Իրանի խորհրդարանը (մեջլիս) հաստատել է օրինագիծ, որով կասեցվել է Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը։
Նշվում է, որ Իրանի խորհրդարանը հաստատել է այս օրինագիծը՝ մեղադրելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին Իրանի դեմ կողմնակալ զեկույց հրապարակելու մեջ, որը «լիովին հակասում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրականությանը՝ այդպիսով ճանապարհ հարթելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստա-ամերիկյան ագրեսիայի համար»։
Խորհրդարանական օրինագիծն անմիջապես վավերացվել է Սահմանադրական խորհրդի կողմից։
Խորհրդարանի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը հարվածելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային՝ Կատարում գտնվող ալ Ուդեյդին։
Թրամփը հետագայում հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։