երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Օրենքից հետքայլ չի լինելու, պահանջը չի փոխվելու. Արփինե Սարգսյանը հորդորում է հեռացնել ապակիների թաղանթները

Օրենքից հետքայլ չի լինելու, պահանջը չի փոխվելու. Արփինե Սարգսյանը հորդորում է հեռացնել ապակիների թաղանթները

Մեքենաների ապակիների թաղանթները հեռացնելը ԵԱՏՄ ակտ է և նախատեսված է ԵԱՏՄ բոլոր պետությունների համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ից գործող օրենքին:

«Սա ոչ թե նոր նախաձեռնություն է, ոչ թե 1 տարի առաջվա նախաձեռնություն է, ոչ թե երեկվա նախաձեռնություն է, այլ սա շատ ավելի վաղ ընդունված ԵԱՏՄ ակտ է, որի շրջանակներում հստակ ԵԱՏՄ բոլոր անդամների համար նախատեսված է եղել կառուցակարգ»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն անցումային ժամանակահատված է սահմանված եղել:  

Օրենքը միայն հունիսի 1-ից է սկսել գործել, քանի որ Հայաստանը նոր է ձեռք բերել համապատասխան սերտիֆիկացված տեխնիկան, որը թույլ է տալիս օբյեկտիվորեն չափել մեքենաների ապակիների մգացվածության աստիճանը:  

«Եթե մենք, օրինակ՝ նախկինում կիրառեինք, բնականաբար, օբյեկտիվ կլիներ մտահոգությունը, քանի որ նույն ճանապարհային ոստիկանը կամ պարեկը կկարողանար զուտ իր սուբյեկտիվ ընկալումների հիման վրա հասկանար՝ այ, օրինակ, լուսաթափանցելիության աստիճանը չի բավարարում, տուգաներ: Այսպիսի լղոզված և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու համար մենք այսօր ենք կիրառում, որովհետև ունենք ստանդարտացված հստակ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս չափը որոշել»,- ասաց նա:

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ օրենքից հետքայլ չի լինելու, պահանջը չի փոխվելու. «Միանգամից մեր քաղաքացիներին հորդորեմ, որ չսպասեն վաղվա օրվա կամ չակնկալեն, որ առաջիկայում նման պահանջ չենք  ունենալու, հետևապես կրկին հորդորում եմ՝ այսօրևեթ հեռացնել այն թաղանթապատումները, որոնց արդյունքում հետագայում կարող են վարչական պատասխանատվություն կիրառել»:

Արփինե Սարգսյանը նաև նշեց, որ ոստիկանական համակարգի պաշտոնյաների, այդ թվում՝ իր ծառայողական մեքենայի ապակիների թաղանթներն արդեն հեռացված են:

  • Կիսվել: