երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Կալլասը զգուշացրել է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների վտանգի մասին

Կալլասը զգուշացրել է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների վտանգի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը զգուշացրել է Ռուսաստանի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կալլասը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Մոսկվան նախապատրաստում է «հետագա դիվերսիաներ» և «հարձակումներ մեր ժողովրդավարության վրա՝ մեր հասարակությունը պառակտելու և վախեցնելու նպատակով»:

Միաժամանակ, նա հայտնել է, որ մտադիր է նախարարների հետ խորհրդակցություններ անցկացնել անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրության վերաբերյալ։

Նշենք, որ դրա ստեղծումն ավելի վաղ առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրամիությունում իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում իր ամենամյա ելույթի ժամանակ։ Կալլասի հայտարարության համաձայն՝ այս արձանագրությունը վերաբերելու է «այն ամենին, ինչն իր մակարդակով ցածր է զինված հակամարտությունից», և դրանում կսահմանվեն այն գործողությունները, որոնք, անհրաժեշտության դեպքում, համատեղ կարող են ձեռնարկել Եվրահանձնաժողովը, ԵՄ արտաքին գործերի ծառայությունը և միության անդամ երկրները։

  • Կիսվել: